2021թ.-ի ապրիլի 26-ին, Մտավոր սեփականության համաշխարհային օրվա շրջանակներում, կայացավ առցանց տեղեկատվական միջոցառում՝ փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված առկա տարբեր ծրագրերի և գործիքների մասին, ինչպես նաև ներկայացվեց «Մտավոր սեփականության կարևորությունը ՓՄՁ-ներում» թեման։
Մասնակիցներին ողջունեց և միջոցառումը համակարգեց «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջազգային համագործակցության և բիզնեսի միջազգայնացման ծրագրերի համակարգողի ժ/պ Անի Խանդամիրյանը։
Հիմնադրամի միջազգային ծրագրերի փորձագետ Շուշանիկ Գասպարյանը հպանցիկ ներկայացրեց հիմնադրամի առաքելությունը և գործառույթները, մասնավորապես շեշտադրելով Ձեռնարկությունների եվրոպական ցանցի միջոցով տրվող ծառայությունները։
«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծառայությունների ղեկավար Լիլիթ Հայրապետյանը, հանդիսանալով «ԷՐԱՍՄՈՒՍ երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի ղեկավար, ներկայացրեց «ԷՐԱՍՄՈՒՍ երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագիրը։ Նա խոսեց ծրագրի առավելությունների, թիրախ հանդիսացող ՓՄՁ-ների և մասնակցության ընթացակարգի վերաբերյալ։
Մտավոր սեփականության օբյեկտները և ՓՄՁ-ները թեման ներկայացվեց իրավաբան, «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների անդամ Հռիփսիմե Պապիկյանի կողմից։
Գերմանական «Ավագ փորձագետների ծառայություն» (SES) ներկայացուցիչ Մարիամ Մաժինյանը մասնակիցներին մանրամասն ներկայացրեց SES-ավագ փորձագետների ծառայությունները, ծառայություններից օգտվելու առավելությունները և հայ գործարարների շրջանում արդեն առկա փորձը։ Միջոցառման ընթացքում հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ստացան վերը նշված ծրագրերին առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները։